Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բռնակալը և խաղերը

Բռնակալը և խաղերը
25.10.2016 | 11:18

Միջազգային սպորտում տագնապի ևս մի առիթ գտնվեց՝ Եվրոպական երկրորդ խաղերը 2019-ին կանցկացվեն Բելառուսում՝ գրում է Յենս Վայնռայխը Der Spiegel գերմանական ամսագրում: Որոշումն ընդունվել է Եվրոպական օլիմպիական կոմիտեների գլխավոր ասամբլեայի նիստում, Մինսկում: Ավելի վաղ Բելառուսի նախագահ և Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵՕԿ-ի նախագահ Յանեզ Կոսիյանչիչին հավաստիացրել է, որ Բելառուսը պատրաստ է խաղերն անցկացնել: Բելառուսի օգտին քվեարկել են ազգային կոմիտեների 43 նախագահներ 50-ից, հինգը ձեռնպահ են եղել: Դեմ են քվեարկել Դանիան ու Նորվեգիան: Դանիան նաև առաջարկել է քվեարկությունը հետաձգել:


Եվրոպական խաղերը օլիմպիական խաղերի նմանությամբ մայրցամաքային մրցումներ են: Այլ մայր ցամաքներում նման խաղեր վաղուց են անցկացվում, Եվրոպայում առաջին անգամ անցկացվեցին 2015-ին Ադրբեջանում: Նախագահ Իլհամ Ալիևը, որ նաև Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, իր կլանի հետ փայլուն բիզնես արեց խաղերում: Անցյալ տարի որոշվել էր, որ 2019-ի Եվրոպական խաղերը կանցկացվեն Նիդերլանդներում, բայց հետո կառավարությունը հրաժարվեց «ռիսկային ծրագրից»: Եվրոպական խաղերը ԵՕԿ-ի նախագահ Պատրիկ Խիկի վիճահարույց նախագիծն են: Նա ձերբակալվեց Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսին և մինչև հիմա իրավունք չունի Բրազիլիայից հեռանալու: Պատրիկ Խիկին մեղադրում են հանցավոր խմբի ստեղծման մեջ՝ օլիմպիական խաղերի տոմսերի անլեգալ վաճառքի համար և հիմա նրան բանտարկություն է սպասում: Սովորաբար նման մարզական միջոցառումների անցկացման վայրը որոշվում է նախապես՝ յոթ տարի օլիմպիական խաղերից և ութ տարի ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ: Ոչ մեկին հայտնի չէ՝ ինչպես Բելառուսը, որ գտնվում է լրջագույն տնտեսական ճգնաժամի մեջ, կկարողանա կազմակերպել խաղերը:

Ենս ՎԱՅՆՌԱՅԽ, Der Spiegel


Հ.Գ. Դե ինչպե՞ս հասկանա օրինապաշտ գերմանացին՝ ինչպես է Բատկան պատրաստվում երեք տարում Եվրոպական խաղեր կազմակերպել: Բատկան դա կարող էր անել արդեն եկող տարի էլ, եթե հարկ լիներ: Եվրոպական խաղերը դառնում են քաղաքական խաղալիք, որով հաճույքով խաղում են բռնակալները՝ Ալիևից Լուկաշենկո: Այդ խաղալիքը նրանց պետք է ոչ միայն փող աշխատելու, այլև իմիջ փոխելու համար: Չկասկածեք, որ Բելառուսի նախագահը առավելագույնը կքամի Եվրոպական խաղերից՝ Բելառուսի տնտեսության և իր անձնական կարիերայի համար: Եթե հաշվի առնենք, որ ԵՄ-ն քննարկում է ամբողջությամբ Բելառուսի պատժամիջոցները հանելու հարցը, հավատացեք, որ 2019-ին Մինսկում նրա ձեռքը կսեղմեն Եվրոպայում նոր իշխանության եկած բազում ղեկավարներ: Այդ տրամաբանությամբ՝ ենթադրվում է, որ Եվրոպական երրորդ խաղերը անցկացվելու են Ստամբուլում՝ երաշխիքներ են Էրդողանը և Մարմարա ծովի մի քանի հարյուր մետրը, որ գտնվում է Եվրոպայում: Հավելեք՝ ավելորդ ծախսերից ձեռնպահ մնալու եվրոպացիների ֆինանսական պրագմատիզմը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ